Գործարանների քաղաք
Մաս առաջին. Կարտոֆիլի դաշտեր
Օր իններորդ. Հողագույն դինոզավրեր



Անկողինը չոր էր, վերմակն էլ թաց, բայց աչքերս փակեցի ու քնեցի:
   Երազում ես ու դու մահացել էինք… Ես լճում խեղդվել էի երեխա փրկելիս, իսկ դու ինչոր մարդաշատ խնջույքի ժամանակ գնացիր զուգարան ու ետ չեկար։ Մեր բոլոր ընդհանուր ծանոթները համոզված էին, որ շնչահեղձ ես եղել, բայց ես սրտի կատված էի կասկածում։ Հա՜ դու առաջինը մահացար, հետո ես ցավը մեղմելու հույսով դարձա լողի մարզիչ ու լճում խեղդվեցի:
  Քանի որ քո մահվան հանգամանքները մշուշով պատված էին ես վճռեցի երազը կրկնել ու հետդ գալ զուգարան՝ քեզ հսկելու և փրկելու:
  Եվ նորից սկսվեց նույն խնջույքը: Բոլորը 18-րդ դարի հագուստներով էին, բայց տանգո էին պարում։ Մենք միասին գնացինք զուգարան։ Դու ներս մտար ու դուռը բաց թողեցիր՝ իմ խնդրանքով: Սկզբում ամեն ինչ լավ էր։ Ինձ թվաց էլ չես մեռնի։ Մեկ էլ հանկարծ հավասարակշռությունդ կորցրեցիր, շնչառությունդ վատացավ ու սրտի կատված ստացար… Հետո ես ստիպված նորից դարձա լողի մարզիչ ու լճում խեղդվեցի:
  Արդեն չեմ հիշում քանի անգամ կրկնեցի նույն երազը։ Ամեն անգամ հետդ զուգարան էի գալիս, ուշադիր հետևում էի կերած-խմածիդ, նայում էի քո նայած բոլոր ուղղություններով, վերացնում էի քո առջև ծառացած բոլոր հավանական խոչընդոտները, փարատում էի մտահոգություններդ, շեղում էի քեզ հիասթափվելու մասին մտքերիցդ ու հետդ գալիս էի զուգարան, զուգարան, զուգարան… Հետո դու մեռնում էիր մեռնում, մեռնում… Ես էլ մնում էի զարմացած ու քարացած… Հետո լողի մարզիչ ու լիճ:
   Ամեն անգամ խեղդվելու տարբերակներ էի փորձում, և դա երևի միակ փոփոխությունն էր, որ  թույլատրված էր ինձ կատարել երազում… Շատ ջուր կուլ տվեցի:
   Եվ վերջապես, աստիճանաբար, ամեն կրկնության հետ մեղմացավ նաև իմ ցավը, ու ես դադարեցի փորձել.. Իսկ վերջին փորձի ժամանակ, երբ եկավ իմ խեղդվելու օրը, այն երեխան, որին ես պետք է փրկեի, լիճ ուղևորվելիս ընկավ,  ոտքը կոտրեց ու  չեկավ մարզումների… Եվ ես մնացի առանց քեզ, բայց կենդանի...
  Վերջապես, երկար բացակայությունից հետո վերադարձա տուն, առանց հագուստս հանելու ինձ գցեցի բազմոցին ու քնեցի առանց  ափսոսանքի։
  Քնեցի ու երազում տեսա անչափ մարդաշատ ու աղմկոտ փողոց։ Անցուդարձը շատ էր, բոլորը խանգարում էին ինձ, ես էլ բոլորին։ Դիմացս ապակեպատ խանութ էր՝ ձմեռային զեղչված հագուստի անհավանական առաջարկների մասին գրություններով: Քիչ այն կողմ կանգնած էր գործարարի տեսքով մի տղամարդ։ Հագին սև կոստյում, գազարագույն փողկապ, ուսից էլ կախված էր սև, տեսքից շատ նոր ու լուրջ պայուսակ, որի միջից կիսով չափ դուրս էր գալիս խաղողի տերև.. Ես նրան շատ մոտ էի կանգնած, բայց դեմքը ոչ մի կերպ չէի կարողանում տեսնել… Մի տեսակ ամպերի մեջ էր… Դժվար տեսանելի… Այդպես հաճախ է լինում երազներում՝ մտածեցի ես… Հանկարծ նա բացեց պայուսակը, միջից հանեց մի մեծ սպիտակ թուղթ, շրջեց այն դեպի ինձ ու ավելի ամրապնդվեց իր տեղում։ Թղթի վրա գրված էր.  <<Գնում եմ բալետի>>: Ես մի քանի անգամ կարդացի, որ հավատամ… Հանկարծ լացի ձայն լսվեց… Նայեցի ձայնի ուղղությամբ։ Տեսա մի արտասվող  կնոջ, որի կողքով՝  ցնցոտիներ հագած մի տղա երեխա էր քայլում, ձեռքին նույն այդ թղթից՝ վրան գրված.  <<Գնում եմ գրատախտակի մոտ>>: Հետո սկսեցի նկատել բազում այլ թղթեր նմանատիպ գրություններով: Մարդիկ քայլում էին  ձեռքում պահած այդ թղթերը այնպես, ասես դա լրիվ սովորական է… << Գնում եմ ժամադրության>>, <<Գնում եմ քնելու >>,  << Գնում եմ հեռու>>... Սիրտս ճզմվեց… Ցանկացա, որ երազն ավարտվի:  Ինձ սովորաբար հետաքրքրում է շարունակությունը, բայց այս անգամ ելք էի փնտրում։ Բայց ամենատարօրինակը դեռ առջևում էր։
 Հանկած անցուդարձը կտրուկ դադարեց։ Մայթերը լցվեցին միջատներով, իսկ ձեռքումս չգիտեմ երբվանից ու ինչպես հայտնված հայելու մեջ տեսա, որ ատամներս կրկնապատկվել են… Դիմացս հայտնված լղար-մղար պապիկն էլ ոգևորված կրկնում էր. <<Ընտրիր, որն ուզում ես… Դե ընտրիր… Մեկի վրա մատդ դիր… Դե՞… Ասա առաջինը, երկրորդը թե՞ երրորդը >>: Ու չէր ասում,  թե խոսքը հատկապես ինչի մասին է: Նրան ասացի, որ մինչև վաղը կկողմնորոշվեմ, հիմա քունս տանում է: Անցուդարձը մի վայրկայում  շատացավ, պապիկը լրջացավ ու անգիր ասաց հետևյալը. <<Քեզ նվաստացած մի զգա: Ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ դու ամեն ինչ արեցիր ինձ համոզելու համար: Ես գնահատում եմ քո աներեսությունն, ու բոլորովին էլ կարիգ չկա կոպտելու, որ ապացուցես, թե քեզ համար միևնույնն է, ու ավելորդ անգամ ընդգծես ինքնուրույնությունդ: Դու սխալվում ես եթե մտածում ես, թե աղաչանքներդ ինձ մեծամտացնում են: Բոլորովին: Խնդրում եմ վերանայե՛ս վարքդ>>:
   Ավատելուց հետո ինձ երկու ասեղ տվեց, մեկը՝ սև, մյուսը՝ ասեղագույն... Առանց ձայն հանելու ասաց, որ միշտ մոտս պահեմ: Ես ինչոր վատ բան կանխազգացի, բայց արդեն չեմ հիշում ինչ… Հետո սկսվեց մեծ բեռնատարի ձայն, որը կանգ առավ ինձանից ոչ շատ հեռու… Ես մոտեցա, մտա բեռնատարի տակ ու աչքերս ինչքան տեղ ունեի բացեցի… Տեսա, որ բացվում են ու ինձ մի քիչ ապահով զգացի… Եվ չնկատեցի թե ինչպես քնեցի:
  Երազում եգիպտացորենի նման բարձրահարկ շենք էին քանդում : Հեռվում կանգնած նայում էի ու կարծում, որ շենքը բոլորովին էլ եգիպտացորենի նման չի: <<Ոչինչ կգնամ տուն, օճառով կլվացվեմ>> մտածեցի ես.. Հանկարծ բանվորները սկսեցին քարեր նետել ինձ վրա … Ետ վազեցի ու գոռացի.  <<Դուք հո կաշառակեր չէ՞ք, մի քիչ դանդաղ թելադրեք, ախր ես տարին մի անգամ եմ այս պարը պարում>>: Եվ զգուշացրեցի, որ եթե հանկարծ մատիցս արյուն վերցնեն Չարենց կարտասանեմ: Հետո ինձ վրա իջնող քարերից ամենամեծի դիմաց դուրս եկա ու մտածեցի. <<Հիմա վարորդին ասե՞մ, որ խփելու ենք>>:  Հետո  ձեռքերով դեմքս ծածկեցի ու աչքերս փակեցի… Բացեցի՝ ձմեռ էր: Պինգվինի շորեր հագած ասֆալտի վրա դահուկ էինք քշում: Աջ կողմից դանդաաաղ մեզ մոտեցավ հսկա բեռնատար: Միջից դուրս եկավ սպիտակ շորերով ու շատ հայտնի էստրադային երգչուհի։ Բոլորը սկսեցին ծափ տալ: Կողքս կանգնած բարձրահասակ ձուկն առանց վրաս նայելու զգուշացրեց, որ եթե գնամ շներն ինձ կուտեն: Հայացքս գցեցի նրա ոտքերին ու տեսա իմ ոտքերը… Հետո որոշեցի ստուգել  իմ ոտքերը, բայց ինչոր մեկը լույսերն անջատեց ու ես նորից քնեցի:
  Երազում կանգնած նայում էի դեղին արահետի շարունակությանը։ Տեղանքը հարթավայրային էր: Ոչ շատ հեռու գործարան կար՝ բարձր ծխնելույզով, որի միջից վարդագույն, քնաբեր ծուխ էր դուրս գալիս։ Հասկացա, որ քաղաքն այդ ինձ ծանոթ էր… Ես նույնիսկ տեղյակ էի, որ երբ քաղաքի բնակիչները քնում են, քաղաքում սկսում են բազմաթիվ պատեր աճել և մարդկանց բաժանել միմյանցից… Պատերը կանգուն էին մնում ողջ գիշերվա ընթացքում, իսկ արևի բարձրանալուն պես իջնում էին ու հավասարվում հողին։ Մարդիկ արթնանում էին միմյանց նկատմամբ օտարության զգացումով, որ քիչ թե շատ վերանում էր օրվա ընթացքում:
   Գործարանին կից կանանցով լի եկեղեցի կար: Արձակուրդ վերցնելու նպատակով բնակիչները հենց այդ եկեղեցի էին գնում և խնդրանքով դիմում կանանցից մեկին, ով այդ պահին աղոթքն արդեն ավարտած էր լինում և աչքերը փակ հանգստանում էր՝ երեսը դեմ տված պատուհանից ներս ընկնող բուժիչ լույսին… Կինը մերժում կամ համաձայնություն էր տալիս արձակուրդ գնալու խնդրանքին՝ առանց աչքերը բացելու։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս նույն երազը նախկինում արդեն տեսել եմ, երբ նույն կինը մերժեց այն նույն պապիկին, ով հաստոցի անսարքության պատճառով զրկվել էր իր ձախ ձեռքի ցուցամատից… Ու հիշեցի, որ գրպանումս՝ այս երազի նախորդ դիտումից մնացած գրություն կա… Ձեռքս տարա, որ ստուգեմ ու դուրս բերեցի ծանոթ դեղին թուղթը՝ վրան գրված. <<Ես տանից դուրս եմ գալիս: Սպասում էի, որ գաս ասեմ, բայց էլ չեմ կարող սպասել: Գնում եմ մազերս կտրելու, ու եթե լավ ստացվի մի քիչ կթափառեմ:
Շատ չտխրես եթե այս անգամ էլ մերժեն>>:
   Թուղթը դրեցի գրպանս ու գնացի եկեղեցի։ Սպասեցի, որ կանանցից մեկն ազատվի ու մոտեցա։ Լուռ կանգնեցի մի քանի վայրկյան։ Նա խոսեց՝ դանդաղ ու թատերական. <<Հանուն մեր չորս տարվա վախի և աքսորի միջով միասին անցնելու, երկար ու մութ միջանցքներով սոված ու անտեր թափառելու, իմ ամուսնու և նրա հոր ստորացուցիչ վերաբերմունքի և հեռու գնացող նպատակների վրա թքած ունենալու՝ ես, կատարում եմ քո խնդրանքը և թույլ եմ տալիս, որ մեկնես արձակուրդ… Բայց մի պայմանով, որ  ժամանակ գտնես ու գնաս իմ հորական գյուղ՝ գյուղի ջերմոցները լուսանկարելու: Հիշողություննե՜ր, հիշողություննե՜ր: Եթե պայմանը խախտես ես քեզ կանիծեմ, ու դու մի օր շինանյութի խանութ գնալիս կընկնես կարմիր փոսը>>: Ծոցից ծրար հանեց, տվեց ինձ ու ձեռքով նշան արեց, որ ազատ եմ:
  Կտրուկ գիշեր սկսվեց։ Ես հանկարծ հայտնվեցի փոքրիկ սենյակում՝ ծրարի միջի նամակը ձեռքումս պահած։ Նայեցի սենյակի փակ դռանը ու փորձեցի գուշակել թե հակառակ կողմում ինչ կա՝ բնակարանի մյուս սենյակները, թե՞ հյուրանոցի միջանցք… Ու չստուգեցի.. Նամակը սկսվեց. <<Բարև իմ զինվոր: Ես քեզ շատ եմ կարոտել ու շարունակում եմ սպասել՝ մնալով հավատարիմ և զգոն: Հուսով եմ, որ իմ նկատմամբ ունեցած քո զգացմունքները նախկինի նման տաք են, և դու ինձ չես դավաճանում թագուհու ստրկուհիների կամ ինչոր բուժքրոջ հետ, ով թիկունքում անձնուրաց պայքար է մղում: Ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ես աշխատում եմ գրասենյակում՝ որպես կրտսեր մեքենագրուհի: Գոհ եմ: Գիտեմ, որ օտար տղամարդու տնօրինության ներքո աշխատելը  այնքան էլ սրտովդ չի, բայց խնդրում եմ, որ չանհանգստանաս, որովհետև նա շատ համեստ, լուրջ, նրբաճաշակ, հումորո՜վ, բարձրահասա՜կ, կանաչաչյա՜, բազմակողմանի զարգացա՜ծ, ուշադի՜ր, առնական շարժուձևով, շատ հաճելի օծանելիքով, զուսպ և ամուսնացած տղամարդ է: Եվ եթե նա ինձ առաջարկի ավելի հարմար աշխատանքային պայմաններ, ես ամենայն հավանականությամբ կհամաձայնվեմ և պարտաճանաչ կերպով կկատարեմ իմ առջև դրված նոր պարտականությունները՝ բարձր պահելով իմ և իհարկե քո պատիվը:
   Եղանակը այստեղ էլ լավը չի: Ամեն օր անձրև է գալիս և քաղաքն արդեն մի ամիս է մինչև վերջ չի չորանում: Վեց օր առաջ ծնվեց մեր տղան, բայց ես նրան  Լաուրա կոչեցի, քանի որ մինչև վերջ վստահ էի, որ աղջիկ է ծնվելու, և երբ պարզվեց, որ տղա է չկարողացա ճկունություն ցուցաբերել և վերջին պահին արագ տղայի մի որևէ անուն հիշել: Բայց մի անհանգստացիր անհրաժեշտության դեպքում մենք  կարող ենք այն ձևափոխել: Եվ առհասարակ միասին բոլոր փորձությունները հաղթահարելի են: Գրիր ինձ քո մասին և իմ մասին: Ընդմիշտ քո...>>:
   Լուսամփոփի լույսը անջատվեց ու եկավ նորից քնելու ժամանակը։ Ես անսպասելի ինձ շատ հոգնած զգացի ինչոր տարօրինակ հիշողության պատճառով այն մասին, որ ես երեք երեխա ունեմ, ու որ այսօր դժվար ու երկար օր էր:
   Քնեցի առանց քաղաքում աճող պատերին սպասելու:
    Երազում ծովից հրեշ էր դուրս եկել... Ականատեսներն ասում էին, որ այդ հրեշ չի՝ նավթ է…
 Քաղաքն անծանոթ էր, ու համարիա ամբողջովին շականակագույն… Այն ծովի ջուրը, որից դուրս էր եկել հրեշ-նավթը տարօրինակ մուգ էր, զոլավոր ու լպրծուն... Իսկ ջրի մակերեսից մանր, սպիտակ փոշի էր բարձրանում, որ տեղի բնակիչները նավթի փաթիլներ էին կոչում… Դա ինձ անհասկանալի թվաց, բայց ես ոչ ոքից չհարցրեցի… Մտածեցի,  եթե հարցնեմ կհասկանան, որ տեղացի չեմ…
   Քաղաքը փոքր էր, մի քանի հատվող փողոցներ էին, ամենաբարձրը երեք հարկանի տներով… Անցորդները պատմեցին, որ քաղաքի կենտրոնական հրապարակում միշտ զույգ առյուծներ էին գալիս՝ օդում սիրախաղ անելու, բայց մի օր հրեշը նրանց էլ կերավ… Ինձ մոտ հարցրեր առաջացան, բայց չտվեցի…  
  Շատ աղոտ եմ հիշում, թե ում տանն էի կանգ առել… Միայն հիշում եմ նրա ընկերոջ անհանգիստ քայլվածքը, երբ նա շտապում էր իր տուն՝ ընտանիքին հրեշից փրկելու… Այդպես էլ չհասկացա ինչու՞ չէր վազում.. Ես նրա կողքով էի քայլում… Քաղաքը կիսով չափ ջրի տակ էր անցել և դեռ շարունակում էր խորտակվել։ Այդպես էլ չհաջողվեց նրա դեմքը տեսնել… Նա իմ ետևից էր քայլում, իսկ ես չէի շրջվում, որ տարօրինակ չդիտվի.. Միայն երբ երբեմն համարիա հավասարվում էր ինձ, ես գլուխս մի քիչ շրջում էի նրա կողմ ու սպասում, որ հենց խոսի մինչև վերջ շրջեմ՝ իբր լսելու պատրվակով, բայց նա լուռ էր…
  Հասանք նրա տուն… Այն համարիա ամբողջությամբ ջրի տակ էր… Սկսեցի հայացքով երեք հարկանի տուն փնտրել… Չգտա… Տեսա նրա կնոջը… Նա դեռ կենդանի էր, բայց յոթ երեխաները, որ լրիվ միանման էին ջրում մահացած լողում էին… Մայրն էլ հենց հոսանքը մի քիչ հեռու էր քշում դիակները,  անմիջապես մոտն էր բերում, հավաքում իր շուրջը… Մոտակայքում մարդիկ էին հավաքված և օգնում էին կնոջը… Ամուսինը մոտեցավ տանն, իսկ ես՝ ոչ… Ուզում էի հարցնել թե ինչու՞ ինձ չի կարելի մոտանալ, բայց չհարցրեցի…
  Ես նաև չհարցրեցի, թե ինչու՞ էին մայթերը չոր, երբ տները ամբոջությամբ ջրի տակ էին… Ինչու՞ էին յոթ երեխաներն էլ միանման… Ինչու՞ էր քաղաքը շականակագույն… Ինչու՞ քաղաքում խուճապ չկար: Ու այդպես էլ ոչ մի երեք հարկանի տուն չտեսա… Հետո մատներիս վրա հաշվեցի բոլորը հարցերը՝ արթնանալուց հետո հիշելու հույսով և քնեցի շականակագույն վերմակով ծածկված, որի տակ հայտնվեցի շատ կտրուկ ու անսպասելի…
  Այս անգամ երազում մի ընկերուհի ունեի, ով մի օր սեռական օրգանների շրջանում կոսմետիկ վիրահատական միջամտության կարիգ էր զգացել, և ինձ խնդրել էր իր հետ միասին գնալ հիվանդանոց։ Ես համաձայնվել էի և որոշել, որ անպայման կբռնեմ նրա ձեռքը վիրահատության ողջ ընթացքում՝ ցավը մեղմացնելու նպատակով։ Արդեն վիրահատության օրն էր։ Մտանք վիրահատարան։ Սենյակը կահավորված էր հին հանգստյան տան ճաշարանի նման էր՝ մեծ ուղղանկյուն սեղաններ և երկար ու նեղ փայտյա նստարաններ… Տիրում էր տհաճ խառնաշփոթ… Կանանց և տղամարդկանց մերկացնում էին միմյանց ներկայությամբ, իսկ միջամտությունները կատարում  առանց ցավազրկման… Միջանցքում աղմկում էին մի խումբ օտարազգի ուսանողներ, որ պատրաստվում էին շուտով ներս մտնել և ներկա գտնվել… Նրանք բժշկական հագուստով և դիմակներով միմյանց էին լուսանկարում՝ արժանանալով բուժանձնակազմի լուռ դիտողություններն…
  Ընկերուհուս խնդրեցին գոտկատեղից ներքև մերկանալ և պարկել նեղ, անհարմար նստարանին… Ընկերուհիս շտապեց բացատրել՝ կմկմալով և ճիշտ բառերից խուսափել-շրջանցելով… Ասաց, որ ուզում է <<այնտեղի>> մուտքը լայնացնել, քանի որ իր կարծիքով այն չափազանց նեղ է, և որ նա շատ ամաչում է իր մոտապագա զուգընկերոջը անհարմար դրության մեջ գցել…
  Բժիշկը տղամարդ էր… Ժպիտը դեմքին զննեց ընկերուհուս, հետո կանչեց օգնական բուժքրոջը, ով նույնպես զննեց՝ արհամարական դեմքի արտահայտությամբ… Ընկերուհիս նայեց իմ կողմ և ամաչկոտ ժպտաց։ Ես նրան հանգստացնելու համար աչքով արեցի և օդային համբույր ցույց տվեցի։ Բժիշկը ամեն ինչ հասկացավ, վերցրեց սուր կտրող գործիք և խնդրեց բուժքրոջը պինդ բռնել ընկերուհուս… Առանց զգուշացնելու և առանց զգուշության սկսեց վիրահատությունը… Ընկերուհիս ճչաց… Ես պապանձվեցի…:  <<Ավարտեցինք>> ժպտալով ասաց բժիշկը ու վեր կացավ գնաց… Ես մնացի հեռվում սառած, կանգնած ու չբռնեցի ընեկրուհուս ձեռքը ինչպես որ նախատեսել էի…
   Հետո հիվանդանոցի տեսարանը կտրուկ ավարտվեց… Ես հայտնվեցի երկար ու հեռու իջնող աստիճաններին, արդեն առանց ընկերուհուս։ Մի քիչ ներքև երաժիշտներ էին կանգնած և համերգի էին պատրաստվում։  Բարևեցի, ճշտեցի համերգի օրն ու ժամը, հայացքով հանդիպեցի կիթառահար տղաներից մեկին, ով այդ պահին ինձ համակրելի թվաց։ Նա նույնպես նկատեց ինձ ու խորամանկ ժպտաց՝ մի տեսակ ակնարկելով, որ անպայման արժի փորձել… Ինձ դուր եկավ… Ես դեմ չէի լինի… Բայց իմ գտնվելու վայրը նորից կտրուկ փոխվեց… Ես հայտնվեցի ավտոբուսի կանգառում՝ ընկերուհուս վիրահատող բժշկի նախկին կնոջ և նրանց դուստրերից մեկի՝ փոքրի հետ։ Մենք անակնկալ մտերմացանք ու սկսեցինք ուրախ թռչկոտել՝ գունավոր կոնֆետները ցեխաջրերի մեջ թաթախելով։ Հետո մեզ միացան կանգառնում սպասող մյուս մարդիկ, և մենք սկսեցինք քայլել քաղաքի փողոցներով՝ երգելով ու թռչկոտելով ու գնալով շատացանք… Հանկարծ մեզ միացավ նաև վիրահատող բժիշկը, ում սկզբում բոլորովին առհամարում էի, հետո աստիճանաբար համակրեցի, նկատելով նրա համակրանքը իմ հանդեպ:
  Աստիճանաբար ես ու բժիշկը սկսեցինք ավելի ու ավելի հաճախակի փոխանակվել միմյանց նկատմամբ ջերմություն և մտերմություն տածելու մասին հայացքներով… Մութն ընկավ… Եվ մենք բոլորս գիշերն անցկացրեցինք երկու մայրուղիները բաժանող կանաչապատ հատվածում, որտեղ երևի հասել էինք երկար քայլելու հետևանքով… Սակայն բժիշկը գերադասեց իր հարմարավետ բնակարանը, որը մոտ էր մայրուղուն,  ու քանի որ մենք բոլորս արդեն սիրում էինք նրան՝ ըմբռնումով մոտեցանք նրա հարմարավետությունը գերադասելուն…      
  Հեքիաթային գիշեր էր… Լուսադեմին մեզ արթնացրեցին խմբի տղամարդկանցից երկուսը՝  անչափ գեղեցիկ օրորոցայինով։ Նրանք Վիկինգների հագուստներով էին, երգն էլ հին Սկանդինավերեն: Արթնանալուց անմիջապես հետո սկսեցի հայացքով փնտրել բժշկին, ու քանի որ շատ հպարտ էի և չէի ցանկանում բոլորը իմանան, որ ընկերուհուս հետ այդպես վարվելուց հետո ես նրան դեռ մի բան էլ համակրում եմ՝  գնացի նրան փնտրելու առանց որևէ մեկից որևէ բան հարցնելու։ Մայրուղին հատելու ժամանակ հսկա բեռնասայլով բեռնատար անցավ՝ ղեկին միանձնուհի տատիկով… Անցա։ Տունը երևաց։ Մոտեցա։ Դռան փոխարեն թափանցիկ վարագույր էր։ Քամին ճոճում էր վարագույրը։ Ներսում մութ էր… Ավելի ճիշտ կիսամութ…  Մտա  ու երեսիս միջանցիկ քամի փչեց։ Հատակին տասնյակ ամսագրեր էին թափված՝ մերկ աղջիկների նկարներով… Քամին թերթում էր նաև դրանք՝ առաջ ետ, առաջ ետ… Մտա ննջասենյակ։ Բժիշկը պարկած էր մետաղյա գլխամասերով անկողնում… Պատուհանը բաց էր… Վարագույրը ճոճվում էր… Ամեն բան ճոճվում էր… Բժիշկը աչքերը բացեց… Ես ամաչեցի ու ճակատս տաքացավ… Կանչեց… Մոտեցա, նստեցի անկողնուն։ Նա սկսեց խոսել արագ և չկապակցված. <<Հուսով եմ դու չես վիրավորվել, որ գիշերը գերադասեցի տանն անցկացնել: Բանն այն է, որ ես վախենում եմ բաց տարածքում քնել… Նույնիսկ վրանում չեմ կարող… Երբ պատկերացնում եմ, որ դրսում անտառ է ու ոչ մի պատ չկա սարսափում եմ… Երբ ես փոքր էի երազում էի, որ չմթնի, իսկ այն տանը, որտեղ անցել է իմ մանկությունը ավելի շատ միջանցքներ կային, քան սենյակներ… Մի օր իմ դայակն ինձ ասած, որ ես միշտ քնած եմ, բայց չգիտեմ դրա մասին, ու, ու որ այդպես էլ երբեք չեմ արթնանալու… Մի քանի տարի առաջ ես արտասվեցի, երբ առաջին անգամ դելֆին տեսա… Արցունքներն անկառավարելի հոսում էին… Շատ անսպասելի էր… Դու դելֆին տեսե՞լ ես>> : Գլուխը դրեց ծնկներիս… Մեխանիկորեն սկսեցի շոյել.. Եվ պատմեցի որ դելֆին չեմ տեսել, բայց մի օր երազում մեծ կետի հետ նույն լողավազանում լուսանկարվել եմ: Նա զարմացավ: Ես շարունակեցի պատմել… Ասացի, որ  ինքս էլ շատ զարմացել էի ինձ տեսնելով կետի հետ… Իսկ երբ լողավազանի տիրոջը հարցրեցի թե այս ի՞նչ կետ է, նա պատասխանեց՝  <<ավելորդ>>: Ես տխրեցի և ցանկացա ազատ արձակել խեղճ կետին, բայց նա ինձ կծեց ու ես արթնացա: Բժիշկը խնդրեց, որ այս գիշերվանն էլ պատմեմ: Մի քանի վայրկյան կենտրոնացա ու սկսեցի պատմել, որ այս գիշեր երազում ինձ թատրոնում ինչոր դեր էին տվել… Բայց ես նաև կարգին գող էի… Դամբարաններ էի թալանում, հարուստ բուրժուաների տներ, ինչոր ճապոնացի գեներալի ամառանոց, որի ժամանակ մեզ քիչ էր մնում բռնեն, որովեհտև մի տղամարդ, ով իբր իմ հայրն էր, մեզ ծախել էր այդ ճապոնացիներին… Ես նաև գիտեի, թե որ շենքի մուտքով են մտնում այլմոլորակայինների բակ, և ամեն օր կոլլայով ու պիցցայով գնում էի նրանց հողագույն դինոզավրերին նայելու… Մի օր էլ գերի ընկա, որովհետև ընկերներիս տարել էի ցույց տալու... Նրանք ավելորդ աղմուկ բարձրացրեցին և մեզ նկատեցին ու բռնեցին… Հետո ինչոր սուզորդ տատիկի հետ ծանոթացա, ով շատ հազվագյուտ հիվանդություն ուներ, որի պատճառով նրան արգելված էր լողալ և առհասարակ ջրին կպնել… Նա լողում էր հատուկ ռետինե լողազգեստով, որն ինձ շատ դուր եկավ, և ես ասացի նրան այդ մասին կողքը նստած՝ մտերմիկ մթնոլորտում… Նա ինձ սովորեցրեի շնչել ջրի տակ… Ասաց, որ պետք է այնքան դանդաղ ու զգույշ շնչեմ, որ ջուրը չնկատի ու ներս չլցվի… Հետո ես քարով ջարդեցի ասֆալտն ու տեղում ծաղիկներ տնկեցի և մենք հրաժեշտ տվեցինք միմյանց․․ Ապա  ինչոր սևազգեստ կին, ով իբր իմ մայրն էր պատրաստվում էր ամուսնացնել ինձ պատից կախված յուղաներկ կտավում պատկերված, սևազգեստ տղամարդու հետ… Բայց ես փախա Նյու-Յորք՝ միականի հեծանիվ քշելու… Բայց չքշեցի... Իսկ այն բարձրահարկ շենքը, որի կտուրին կանգնած փախչում էի ամուսնությունից՝  թղթից էր և ուժեղ ճոճվում էր… Ես էլ փորձում էի հավասարակշռություն պահել, բայց ճոճվելը աստիճանաբար սկսեց հաճելի լինել և ես համակերպվեցի ու սկսեցի բավականություն ստանալ… <<Ոչինչ, մյուս անգամ կքշեմ>> մտածեցի ես... Այնուհետև արթնացա Վիկինգների օրորոցայինից։ Ավարտեցի։ Բժիշկը գլուխը ծնկներիս դրած ինձ էր նայում... Առաջարկեց միասին պարկել... Նրան ասացի, որ ներքևից վերև ես ավելի գեղեցիկ եմ և խնդրեցի, որ չդիրքափոխվենք… Եվ բացատրեցի, որ հաստատ գիտեմ, որ հետո ափսոսալու եմ ու չկարողանամ թաքցնել… Ու որ հետո նա նկատելու է, բայց ես խնայելու եմ նրան և չխոստովանեմ… Այնքան մինչև բանը բանից անցնի… Ու այնքան անցնի, որ մի օր երազում տեսնեմ, որ նա մահացել է, իսկ ես նրա հողարկավորության ժամանակ ամեն կերպ փորձում եմ ձևացնել թե տխուր եմ:


                                                                                                                 (ան)վերջ

Comments

Popular posts from this blog