ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔ
Մաս առաջին․ Կարտոֆիլի դաշտեր
Օր հինգերորդ. Սոխակների վանդակում
Գործող անձինք` Կ (ԿԻՆ)
Տ (ՏՂԱՄԱՐԴ)
Տ - Ինձ ամենից շատ այս դեղին բծերով վերնաշապիկն է սազում, չէ՞
Կ - Այո, բայց եփելուց հետո դրանք գույնը փոխում են...
Տ - Միայն ոչ այս մեկը...
Կ - Երևի դեռ հում է: Երեկ ընթրիքին էլ մի քանիսը հում մնացին...
Տ - Մի հիշեցրու երեկվա ընթրիքը.. հիմար տեսք ունեյի...
Կ - Ես եմ մեղավոր` չափն անցա ձիթապտղով ու լոլիկով զարդարելիս, բայց համեղ էր...
Տ - Նկատեցի՞ր, որ բոլորը նկատեցին, քթի տակ հռհռում էին ու փսփսում:
Ավելի լավ է երեսիս ասեին...
Կ - Միգուցե բոլորն էին հում... որովհետև մի քանիսը հում էին...
Տ - Վե՛րջ, որոշել եմ. բաժանվում եմ քեզանից, որ նորից ամուսնանամ...դու...դու ինձ
բացարձակ չես հասկանում, երբեք չես լսում... ի՞նչ կասես:
Կ - Մի քանի ժամից ամեն ինչ պատրաստ կլինի...
Տ - Նոր կին, նոր տուն, նոր երեխաներ... հասկանու՞մ ես
Կ - Կմնա միայն զարդարելը...
Տ - Իմ նոր կինը նրբաճաշակ ու բազմակողմանի զարգացած կլինի, ինձ հոգեպես
կսնի, կհիանա իմ գաղափարներով, հպարտորեն կտարածի դրանք այսօրվա
բազմամարդ ընթրիքի ընթացքում... մենք հաճախ կշրջագայենք, ամռանը
երեխաների հետ ամառանոց կգնանք, ամեն առավոտ մեր շքեղ տան բացօթյա
տաղավարում կնախաճաշենք...
Կ - Նախաճա՞շ... հիմա նախաճաշի ժամ չի...
Տ -...կզրուցենք արվեստից, գրականությունից, երեխաներից, քաղաքականությունից...
Կ - Ուտելիս չեն խոսում:
Տ - Մեջս ամեն ինչ վառվում է... ես նույնիսկ պատրաստ եմ...
Կ - Ի՞նչ... վառվու՞մ... ես հոտ չեմ զգում...հիմա կստուգեմ...
Տ - ․․․ինչքան եռանդ կա մեջս, որ ուզում եմ օգտագործել...այնքան բան ունեմ
աշխարհին տալու...
Կ - Ամեն ինչ կարգին է, քեզ թվաց...
Տ - Չթվաց, ես վստահ եմ... ու այդ միտքն այսքան տարի մեջս եռում-եռում է, որ
հե՛նց հիմա, հե՛նց այստեղ թափվի...
Կ - Չի թափվի:
Տ - Ես ինձ երիտասարդ եմ զգում, չեմ համբերում, ուզում եմ սկսե՜լ...
Կ - Համբերիր, հնդկահավը երկար է եփում, երևի արդեն ծեր էր.. հյուրերը ե՞րբ են գալու:
Տ - Շուտով:
Կ - Իսկ ովքե՞ր են:
Տ - Հայտնի մարդիկ՝ գիտության, արվեստի ու քաղաքական ականավոր
գործիչներ...բարձրագույն, բարձրաճաշակ, բարձրաստիճան, բարձրաշխարհիկ,
բարձրահասակ...մեծարգո, մեծագույն, մեծածավալ, մեծամիտ մեծամեծներ...
իրենց կանանց ու երեխաների հետ...
Կ - Ու վե՞րջ
Տ - Ոչ ոչ... ինչպես նաև մարզիչներ, ուսուցիչներ, վաճառականներ, տնային
տնտեսուհիներ, գող-ավազակներ, թափառաշրջիկներ, մարմնավաճառներ...
ամենքն իրենց կնոջ ու երեխաների հետ...մի խոսքով բոլոր նրանք, ում
կհետաքրքրեն իմ գաղափարները...
Կ - Մի խոսքով, բոլոր նրանք, ում կհետաքրքրի իմ լցոնած հնդկահավը...
Տ - Ես ինձ հմուտ եմ զգում, իմ գործի գիտակ...
Կ - Նախազգուշացրե՞լ ես, որ սոված գան:
Տ - Իհարկե: Հայտարարության մեջ հստակ գրված է. <<Հրավիրում եմ բոլոր նրանց,
ովքեր պատրաստ են ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում, ովքեր
պատրաստ են համատեղել անհամատեղելին, հաղթահարել անհաղթահարելին,
դիմադրել անդիմադրելիին, սպասել անսպասելիին...ովքեր եռանդով լի սիրտ
ունեն, ապագայի նկատմամբ հավատ։ Բոլոր նրանց ովքեր թարմ ու լուսավոր
գաղափարների ՍՈՎ են զգում>>: ․․․դու ինքդ հուշեցիր, որ <<սով>> գրեմ:
Կ - Այո, դու ուզում էիր գրել <<ծարավ>>, որ ես անելիք չունենամ․․․
(Մի քանի վայրկյան լռություն)
Տ - Ինչոր հոտ եմ զգում… երևի հաղթանակի…ճիշտ է այնքան էլ հաճելի հոտ չի,
բայց երևի ոչինչ…
(Հոտոտելով)
Կ - Վառվեց վառվե՜ց…
Տ - Այո վառվեցի՛… վերջապես դու խոստովանեցիր… այդ իմ ներսի եռանդն ու մղումն
է, որ խարույկի նման… չէ խարույկը երկար չի տևում… ինչևէ… անշեջ կրակի
նման վառվում է, այրելով իր մեջ նետած կասկածներն ու դիմադրությունը…ըմ, ես
մի քիչ կվերաձևակերպեմ այս նախադասությունը հյուրերի ներկայությամբ
կրկնելու համար... ես նաև նախատեսել եմ երեկոյի ընթացքում օգտագործել
<<Համակված, հավելված, ընդգրկուն, նյութապաշտ, համապարփակ,
պաշարված, թանձրամիտ, հետամուտ լինել, արտագաղթ, նշանակալի կերպով,
անառողջ ողջամտություն, թովչանք և նրբագեղություն, քողարկված,
թույլատրելիի սահման, անգերազանցելի>> բառերն ու արտահայտությունները…
ես դրանք դուրս եմ գրել բազմաթիվ թերթերի և ամսագրերի վերնագրեր
ընթերցելիս: Ինչպես նաև մտադիր եմ բազմաթիվ սահուն անցումներ կատարել՝
բոլորիս հուզող խնդիրին մի երեկոյի ընթացքում բավականաչափ խորացված
անդրադառնալու նպատակով: Վերջում իհարկե կհայցեմ բոլորի ներողամտությունը
երկար, բայց բովանդակալից ելույթիս համար, և իհարկե՝ <<շնորհակալություն>>
ուշադրության, հիացմունքի, համակված ունկընդրելու և չդադարող
ծափահարությունների համար:
(Կինը այս ընթացքում խուճապահար վազում է, բացում է ջեռոցն ու դուրս բերում
լրիվ սև հնդկահավ: Մի քանի վայրկյան աչքերին չհավատալուց հետո փլվում է
հատակին ու սկսում է հեկեկալ: Տղամարդը շարունակում է:)
Տ - Ինչու՞ ես լաց լինում: Վերջ տուր: Ես այսքան տարի հանդուրժել եմ քո
անտարբերությունն ու հեգնանքը, իմ ուժերի և շնորհների նկատմամբ քո
հավատի լիակատար բացակայությանը… այժմ ժամանակները փոխվել են: Դու
այլևս չես կարող ինձ ետ պահել քո արցունքներով և համեղ ուտեստներով…
հաղթանակի հոտն այսքան ուժեղ ես երբեք չեմ զգացել…այս երեկոն ի՛մն է...
բարի գալուս փա՛ռք և ճանաչու՛մ… Աշխա՜րհ փոխվի՛ր…
(<<Փոխվիր>> բառի առթիվ ձեռքերը վեր են բարձրանում, ճանապարհին
պատահաբար դիպչելով ձիթամանին, որն էլ թափվում է տղամարդու՝ հատուկ
այս երեկոյի համար ընտրած վերնաշապիկին՝ տեղ-տեղ մի քանի տոն մգացնելով
այն։ Ապա դանդաղ հոսելով կոճակներն ի վայր վերջնականապես անշարժացնում է
տղամարդուն: Մի քանի վայրկյան լռություն:)
Կ - Ոչինչ, իմ գոգնոցը կհագնես, չի երևա:
(Հետո աղմուկ, բղավոցներ, կոտրվող և դեն նետվող սպասքի և կահույքի
ձայներ, հատակին ամենուրեք թափված ուտեստներ, որոնց վրա ժամանակ առ
ժամանակ սահում և վայր է ընկնում դիվահար տղամարդը: Մի որոշ ժամանակ
հետո, երբ ամեն բան արդեն իր տեղից կտրուկ տեղաշարժած, ավիրված և
ոչնչացված էր՝ տղամարդը կանգ է առնում: Փլվում է կնոջ կողքին: Միասին լաց
են լինում: Որոշ ժամանակ հետո կինը խոսում է: )
Կ - Հիշու՞մ ես, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, քո վերնաշապիկին այս
մեկին շատ նման հետք կար… դու էլ ասացիր, որ երկու օր առաջ գինի ես թափել
ու լավ ես արել: Այն ժամանակ նման հետքերը քեզ չէին կաշկանդում, և դու
թևաթափ չէիր լինում ամեն առիթով: Դու այնքան ինքնավստահ, կայուն և
համակրելի տղամարդ էիր… ինձ համար նույնիսկ չափազանց համարձակ: Ես
հիանում էի քո հռետորական հմտություններով… քո ձա՜յնը, շարժումնե՜րը… քո
աշխարհը դեպի լավը փոխելու մասին ճառերից իմ աշխարհը փոխվում էր:
Դրանք երբեք չէին հոգնեցնում ինձ: Ես մեծամտանում էի քո կինը լինելուց…
թվում էր թե մեզ վերելքներ են սպասվում… բայց… բայց հանկարծ քո ճառերը
սկսեցին կրկնվել…
Տ - Իհարկե հիշում եմ…դու կանաչ շրջազգեստով էիր և ինձ կարկանդակ
հյուրասիրեցիր՝ հավի կրծքամսով, ու իմ կյանքը փոխվեց: Դու ինձ համար ամեն
օր ինչոր հետաքրքիր և չկրկնվող ուտեստ էիր պատրաստում: Ես հիանում էի քո
խոհարարական հմտություններով… քո ցուցաբերած խնամքն ու հոգատարությունը,
քո վարած տնային տնտեսությունը, քո ներքնազգեստնե՜րը…մ ՜․․․ քո մեջ այնքան
կրակ ու եռանդ կար… չկրկնվելու եռանդ: Դու իմ հաջողության գրավականն էիր…
և ինձ թվում էր, որ այդպես է լինելու հավերժ, բայց հանկարծ…
ուտեստները սկսեցին կրկնվել և դու մարեցիր…
Կ - Ո՛չ, նախ դու չարացար, հետո մենք աղքատացանք, և միայն դրանից հետո ես
սկսեցի կրկնվել ու մարեցի…
Տ - Ոչ նախ դու մարեցիր, հետո ինձ մոտ սկսվեցին անհաջողություններ, որից հետո մենք
աղքատացանք, ու ես չարացա…
Կ - Ես շատ լավ հիշում եմ… ամեն ինչ սկսվեց, երբ մեր տուն դադարեցին հյուրեր
գալ քո․․․ քո անվերջ կրկնվող և խոսքից գործի չվերածվող ճառերի պատճառով:
Տ - Ո՛չ, ամեն ինչ սկսվեց, երբ մեր տուն դադարեցին հյուրեր գալ քո հիվանդագին
հյուրասիրության պատճառով… դու անդադար առաջարկում էիր համտեսել քո
պատրաստած նորույթները… և չէիր թողնում, որ մարդիկ լսեն ինձ…
Կ - Իսկ դու անդադար խոսում էիր և չէիր թողնում որ նրանք ուտեն…
Տ - Նրանք հեռանում էին հոգնած ու ձանձրացա՛ծ…
Կ - Նրանք հեռանում էին սովա՛ծ…
Տ - Ես կորցրեցի իմ լսարանը…
Կ - Իսկ ես իմ խոհարարական տետրը… իմ հնարած բաղադրատոմսերով…ես դրանք
գրի էի առնում, որ հանկարծ չկրկնեմ...
(Տղամարդը խոր հոգոց է հանում և ասես հասկացած, որ այլևս իմաստ չունի թաքցնել
սկսում է պատմել)
Տ - Քո տետրը ես նկուղում եմ թաքցրել… կարող ես գնալ և վերցնել…սրբիչներով
փաթաթած պահել եմ Սոխակների վանդակում… վանդակն էլ հին լոգարանի մեջ
է… կայց դժվար թե քեզ այն պետք գա արդեն… ամեն ինչ կորած է: Ամեն ինչ բացի
քո տետրից…
(Կինը սկսում է փայլել, նույնիսկ երիտասարդանալ, ինչպես նաև լցվում է սիրով և
որպես հետևանք նաև կարեկցանքի զգացումով):
Կ - Ո՛չ, ո՛չ և ո՛չ․․․ոչինչ էլ կորած չէ՛․․․ եթե իմ տետրը կորած չէ… ախ՜ ես վստահ էի, որ
դա պատահականություն չի...համոզված էի, որ դու այն այրել ես, կամ լիճն ես
նետել… ինչպես կարող էի քո մասին նման բան մտածել… ներիր խնդրում եմ․․․
ով կմտածեր, որ դու այն պարզապես վանդակել ես․․․ իմ մեծահոգի․․․
իմ, իմ հեռատես․․․ կամ անհեռատես․․․ իմ անհեռանկար․․․
(պինդ գրկում է գլուխը)
Տ - Այդ դու ինձ ներիր… ես ոչինչ չկարողացա փոխել… չհամարձակվեցի…
ուշացրեցի…
Կ - Ոչ ես եմ մեղավոր, որ չհամբերեցի…
(Մաքրում են միմյանց արցունքներն ու համարիահամբուրվում, բայց հանկարծ լսվում է
դռան թակոց: Տղամարդը կնոջը բաց է թողնում և վեր է թռնում տեղից: Գոռում է:)
Տ - Հյուրերը՜
Կ - Սովա՜ծ
(Սկսում են լույս տեսած խավարասերների նման այս ու այն կողմ վազվզել՝
խուճապահար կրկնելով ամեն մեկն իր մտավախությունը:)
Տ - Հիմա ի՞նչ ենք ասելու նրանց․․
Կ - Ի՞նչ ենք հյուրասիրելու՜․․․
(Երկրորդ թակոց: Բոլոր երկրորդ թակոցներից հետո սովորաբար պետք է կանգ
առնել, հետևաբար ամուսինները նույնպես անշարժանում են մի քանի վայրկյան:
Հետո կինը ոչ մի մեղադրանք չլսելուց սկսում է ինքն իրեն մեղադրել)
Կ - Ես ծեր ու դատարկամիտ հնդկահավ եմ, ինչպե՞ս կարող էի փչացնել քո երեկոն…
ես քեզ ջրելու փոխարեն հիմքից արմատախիլ արեցի…
Տ - Շատ մի հուսահատվիր դու դեռ կարող ես վերատնկել ինձ ավելի մեծ ու
հարմարավետ ծաղկամանում, այն լցնել պարարտ հողով և ջրել անձևաջրով…
(Խորամանկ ժպտում է և աչքով անում․․․կարծես թե ակնարկում է, որ դեռ
կարող է զարմացնել․․ Հաստատ չգիտեմ՝ չկողմնորոշվեցի․․ և
պաշտոնապեսհայտարարողական տոնով դիմում է կնոջը)։
Տ - Դուռը բա՛ց, թող նե՛րս գան:
(Դուռը բացվում է: Սկսվում է ողջույնների աղմուկ, ոտնաձայներ, ծիծաղ...
հյուրերը կնոջ ուղեկցությամբ մտնում են հյուրասենյակ:
Մի քիչ հյուրերի մասին. Նրանք աննկարագրելի շատ են և աննկարագրելի բազմազան:
Աննկարագրելի հագուստներով: Օգտագործում են աննկարագրելի շարժումներ
և դիմախաղ: Նրանք երբեմն ցուցափեխկի տիկնիկների են նման, երբեմն թղթեա
մարդուկների: Մի խոսքով բոլոր այն դժվարությունները, որոնց ես հանդիպում եմ
հյուրերին պատկերացնելու և նկարագրելու հերթական փորձն անելիս այս պահին
անհաղթահարելի են, ուստի սահմանափակվեմ այսքանով:
Հյուրերը մտնում են հյուրասենյակ: Աղմուկը դադարում է: Տղամարդը բոլորին
դիմավորում է սեղանին կանգնած, ամենինչոտ հագուստով ու ժպիտով,
հպարտությանը զգացումը դեմքին և մարմնի մյուս բոլոր մասերին։
Մի քանի րոպե հյուրերին զարմանալու համար ժամանակ տալուց հետո
նա սկսում է ողջույնի խոսքը՝ Ամանորյա հանդիսության վերջում հայտնված
Ձմեռ պապի առոգանությամբ:)
Տ - Բարի գալու՜ստ տիկնայք և պարոնայք: Ողջունում եմ ձեզ՝ կանգնած այս համեստ
բարձրունքում, իմ համեստ տիկնոջ պատրաստած համեստ ընթրիքով
շրջապատված… ամենաբարի գալուստ իմ տուն… զգացեք ձեզ ինչպես ձեր
տանը՝ բարձր ուժգնության երկրաշարժից անմիջապես հետո:
(Հռհռում է: Կինը փռթկում է ու սկսում կչկչալ: Ես էլ եմ ծիծաղում: Իսկ հյուրերի
արձագանքը շարունակում է մնալ աննկարագրելի: Տղամարդը շարունակում է:)
Տ - Խնդրում եմ առանց կաշկանդվելու ուշադրություն դարձրեք այս
խառնաշփոթին… հիմա ամեն բան պարզ կդառնա: Խնդրում եմ մոտեցեք
պատերին, որ կենտրոնն ազատվի:
(Հայացքով ինչոր բան է փնտրում, բայց գտնում է կնոջ գոգնոցը: Հագնում է:
Շարունակում է խոսել՝ ինքնաթիռի ուղեկցորդուհիների նման․․․շատ նման։ )
Տ - Այժմ ուշադիր… սկսում ենք հյուրասիրությունից… հատակի ձախ հատվածում
թափված են կնոջս կախարդական ձեռքերով պատրաստած անկրկնելի
աղցաններն ու բանջարեղենային տապակաները: Բոլոր նրանք, ովքեր
մտադրվել էին այս ընթրիքին համտեսել բացառապես բուսակերական
ճաշատեսակներ, խնդրում եմ մոտեցեք ձախ և հատակից հավաքեք ձեր
նախընտրած սնունդն ու լցրեք այն ա՜յ այն մեծ աղբի դույլի մեջ…
բոլոր նրանք, ովքեր հնդկահավի ախորժակ ունեյին, մոտեցեք ջեռոցին և
համատեղ ուժերով նետեք աղբամանը այս սև, հսկա հնդկահավը՝ այսօր արդեն
երկրորդ անգամ մահացած:
(Հռհռում է:)
Տ - Ոգելից խմիչքներ չարաշահելու նպատակ հետապնդողնե՜ր, խնդրում եմ մոտեցեք
կնոջս: Նա ձեզ լաթի կտորներ կբաժանի... Ոգելից հեղուկներից
հարկավոր է մաքրել ողջ հատակը, առանց զլանալու… Առանց խուսափելու
վնասվածքներից, քանի որ փշրված ապակին ամենուրեք է: Եվ իհարկե
չմոռանանք մրգերի և քաղցրավենիքների մասին… Մի խոսքով ինքնուրույն
կողմոնոշվեք: Այսքանը հյուրասիրության մասին: Այժմ ժամանցը: Այստեղ
նույնպես առաջնորդվում ենք նույն սկզբունքով: Բոլոր նրանք ովքեր մտադիր էին
երեկոյի ընթացքում հիացնել և հաճույք պատճառել մեզ իրենք պարով,
անհապաղ ազատում են տարածքն ու տեղավորվում պատի տակ շարված
աթոռներին՝ զուսպ և անշարժ դիտելու բոլոր նրանց պարն, ովքեր բոլորովին
չէին նախատեսել այսօր պարել, որովհետև առհասարակ չեն փայլում իրենք ռիթմի
զգացողությամբ: Նրանք ովքեր եկել են խոսելու՝ պետք է լռեն, ի տարբերություն
նրանց, ովքեր բոլորովին մտադրված չէին մասնակցել ոչ մի զրույցի: Կարծես թե
այսքանը: Խնդիրը պարզ է, կամ գուցե պարզ կդառնա երեկոյի վերջում: Այսօր,
այստեղ, այս ընթրիքի ընթացքում չպետք է արդարանա մեզանից և ոչ ոքի
սպասելիքները: Այլ կերպ ասած բոլորս վարվում ենք մեր ցանկություններին և
մտադրություններին հակառակ… Հույս ունեմ, որ այս ձևաչափը կփոխի մեր և
ձեր կյանքը: Այսքանը: Կարող եք սկսել: Խնդրում եմ ինքնակազմակերպվենք:
Բարի ժամանց:
Կ - Բարի ախորժակ
Վարագույր(ներ)
Comments
Post a Comment